Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Էմանյուել Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Ըստ կառավարության, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։