Ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես Վրաստանից և Ռուսաստանից. Կարասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Վրաստանի և Ռուսաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես այդ երկու պետություններից: Այդ մասին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց երեկ` Ժնևում երկկողմ հարաբերությունների կարգավորման նվիրված բանակցությունների 45-րդ փուլի ավարտին:

Բանակցություններին Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին եվրոպական կառույցների, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունների անդամները:

«Ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես երկու կողմից` Ռուսաստանից և Վրաստանից: Եթե մենք կարողանանք լուծել, անվտանգությանը, ահաբեկչությանը վերաբերող հարցերը, ապա ուշ թե շուտ կկարողանանք հասնելնաև դյուրացված կամ նույնիսկ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը: Այս հարցի շուրջ քաղաքական հակամարտություն գոյություն չունի: Մենք իհարկե կցանկանայինք, որ մեր պետությունների միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ լինեին, սակայն եթե դա չի ստացվում, ապա մենք կսպասենք ավելի հարմար պահի: Ամեն դեպքում, մենք մտածում ենք վիզային խնդրի մասինև աշխատում ենք այդ ուղղությամբ», - Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարում էր Կարասինը:

Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ, մոսկովայն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում, Գրիգորի Կարասինն անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում էր ցուցաբերել այս հարցի վերաբերյալ` պնդելով, որ առաջնայինը պետք է լինի Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:

Հիշեցնենք՝ դրանք խզվեցին 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո` պաշտոնական Թբիլիսիի նախաձեռնությամբ:

«Վրաստանի իշխանությունները շարունակում են խուսափել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից, շարունակում են [Ռուսաստանի հանդեպ] թշնամական քաղաքականություն վարել միջազգային հարթակներում, ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի զսպմանն ուղղված ՆԱՏՕ-ի ռազմավարությանը», - մոսկովյան պարբերականին տված հարցազրույցում նշել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Վրացական կողմը սակայն համոզված է` ներկա փուլում Մոսկվայի հետ հարկավոր է քննարկել ոչ թե դիվանագիտական հարաբերությունների կամ վիզային ռեժիմի, այլ Աբխազիայում և Հարավային Օսիայում միջադեպերից խուսափելու հարցերը:

«Բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը», - նշում էր բանակցություններում վրացական պատվիրակությունը ղեկավարող փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան` հավելելով, որ վերջին տասը տարում ժնևյան բանակցությունների որևէ դյուրին փուլ ինքը չի հիշում:

«Չնայած դրան մենք բանակցությունների այս ձևաչափը չպետք է կորցնենք: Քանի դեռ գոյություն ունի ժնևյան ձևաչափը` նշանակում է իրադրությունը քիչ թե շատ կայուն է», -հայտարարում էր Վրաստանի փոխարտգործնախարարը: