«Բոլոր գործընթացները պետք է ընթանան փոխհամաձայնության ճանապարհով». կայացել է Փաշինյան-Բաբլոյան հերթական հանդիպումը

Այսօր կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:

Ըստ Ազգային ժողովի հաղորդագրության, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների և փոխհամաձայնության ճանապարհով:

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի երևանյան լիագումար նիստերին: