Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների 3-րդ համաժողովի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած խոսքերը Թուրքիայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի դժգոհության պատճառ են դարձել:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, համաժողովի դռնփակ նիստի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին:
Մամուլի համար արդեն բաց նիստի ընթացքում թուրքական խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե Շարմազանովի «պնդումները համաժողովի նպատակին համապատասխան չեն»:
«Գլոբալ խնդիրների լուծմանը, տարածաշրջանում և աշխարհում կայունության ապահովմանն ուղղված այս ժողովում մեզ համար անընդունելի են իրականությունը խեղաթյուրող նմանօրինակ հայտարարությունները։ Եթե Հայաստանն իսկապես ուզում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա պետք է վերջ տա Ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմական դեպքերը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը», - հայտարարել է Յըլդըրըմը:
Հղում անելով համաժողովին մասնակցող Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի՝ ղարաբաղյան հարցի շուրջ ելույթին, Յըլդըրըմը պնդել է, թե «Հայաստանն իր քայլերով իրեն մեկուսացնում է»:
«Եթե Հայաստանը խաղաղ քաղաքականություն վարի, ապա այդպիսով կարող է նպաստել հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատմանը: Վերջ դնելով պատերազմին և բռնությանը, ապահովելով խաղաղության ու անվտանգության մթնոլորտ՝ մեծապես կլուծվի նաև փախստականների հարցը», - ասել է Թուրքիայի մեջլիսի խոսնակը:
Նշենք, որ Անթալիայում համաժողովի ժամանակ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել «տարածքների 20 տոկոսի օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու» մասին:
Ի պատասխան` Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. - «Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրոք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախևառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Ի դեպ, Անթալիայում կայացած համաժողովի ժամանակ Շարմազանովի հետ կապված մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել. նիստի ժամանակ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահին, Շարմազանովը հայկական պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը՝ ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայկական պատվիրակությունը դահլիճում չի եղել նաև համաժողովի եզրափակիչ հայտարարության հրապարակման նիստի ընթացքում: