Փաշինյանը «խելամիտ որոշում» է համարում Հանրապետական խմբակցության հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին նա ասաց այսօր «Ազատության» հարցին ի պատասխան:

«Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում», - այսպես արձագանքեց վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը խորհրդարանում հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: «Երեկվա հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի այսօր գալ Ազգային ժողով», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ պատրաստվում է հանդիպել նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանրապետականի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելը, ըստ վարչապետի, պետք է դիտարկվեր որպես երկրում վիճակը ապակայունացնելու փորձ:

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ստորագրահավաքին Ազգային ժողովի մեկուկես տասնյակից ավելի պատգամավորների միանալու վերաբերյալ Փաշինյանը ասաց, որ պատգամավորները լսեցին ժողովրդի ձայնը և անհրաժեշտ արձագանք տվեցին:

Հարցին՝ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, վարչապետը պատասխանեց․ -«Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև էսօր Ազգային ժողովի բոլոր, կամ եթե ոչ բոլոր, ուրեմն՝ շատ պատգամավորներ իրենց հարևանների, բարեկամների, երբեմն նույնիսկ ընտանիքի անդամների ճնշման ներքո են և նրանք, կարծում եմ, առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են չակերտավոր արձագանքել»:

«Ազատության» մեկ այլ հարցի՝ «սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է կրկին», վարչապետը պատասխանեց․ - «Ես հիմա դրա վրա եմ աշխատում»:

Մանրամասները տե՛ս այստեղ