Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:
Աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկատվություն ներկայացրեց, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու երթևեկության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց հայրենակիցներից պատճառված անհանգստության համար և հորդորեց այդ օրերին հնարավորության սահմաններում ավելի քիչ ավտոմեքենայով երթևեկել և օգտվել մետրոպոլիտենից:
«Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը», - ասաց վարչապետը:
Փաշինյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար, և արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: