Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին նա ասաց այսօր «Ազատության» հարցին ի պատասխան:
«Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում», - այսպես արձագանքեց վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը:
«Ազատություն»․ - Ազգային ժողովի լուծարման, ի վերջո, ինչպիսի՞ տարբերակի վրա կանգ առաք:
Նիկոլ Փաշինյան․ - Գիտեք, սցենարը հրապարակված է, սցենարը չի փոխվել:
«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք պետք է հրաժարական տաք, այո՞, երկու անգամ վարչապետ չընտրվի և լուծարվի, այդպե՞ս:
Նիկոլ Փաշինյան․ - Այո, ըստ էության, այս պահին գոյություն ունեցող սցենարը դա է:
«Ազատություն»․ - Իսկ ե՞րբ եք պատրաստվում հրաժարականը ներկայացնել:
Նիկոլ Փաշինյան․ - Դա մի քիչ հաշվարկի հարց է:
«Ազատություն»․ - Ճնշումներ եղե՞լ են, պարոն Փաշինյան: Աշոտյանը հայտարարեց, որ ռեպրեսիվ ապարատը ճնշումներ է բանեցնում պատգամավորների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյան․ - Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև էսօր Ազգային ժողովի բոլոր, կամ եթե ոչ բոլոր՝ շատ պատգամավորներ նաև իրենց հարևանների, բարեկամների, երբեմն նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են: Ուղղակի, կարծում եմ, առաջին հերթին իրենք իրենց շրջապատի ճնշմանն են չակերտավոր արձագանքել:
«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ իշխանության կողմից զանգերի տեսքով, որոշ ուլտիմատումների տեսքով, որովհետև հայտարարություններ եղան, որ ճնշումներ են եղել:
Նիկոլ Փաշինյան․ - Գիտեք, իշխանությունը իր ասելիքը հրապարակային է ասել: Հրապարակային ասել է և, իհարկե, մարդկանց հետ եղել են կոնտակտներ և այդ հրապարակային հայտարարությունների համատեքստում:
«Ազատություն»․ - Այսինքն այդ վտանգն արդեն վերացած է, որ Հանրապետականը կարող է թեկնածու առաջադրել:
Նիկոլ Փաշինյան․ - Ես կարծում եմ, էդ վտանգը ի՞նչ վտանգ էր և ո՞ւմ վտանգն էր: Դա իրավիճակը երկրում ապակայունացնելու փորձ պիտի դիտարկվեր ընդամենը, և ես ուրախ եմ, որ մարդիկ գնահատել են իրավիճակը և որոշել են․․․․
«Ազատություն»․ - Քաղաքական լարվածությունն արդեն վերացա՞ծ է, այսինքն՝ ամեն ինչ հստա՞կ է:
Նիկոլ Փաշինյան․ - Իմ այցի նպատակը նաև այդ լարվածությունը վերացնելն է, և ես հիմա տեսնեմ՝ Վահրամ Բաղդասարյանն էստեղ է, նաև նրա հետ զրույց կունենամ:
«Ազատություն»․ - Դեկտեմբերն ուժի մե՞ջ է, և դեկտեմբերին գնո՞ւմ եք արտահերթ ընտրությունների:
Նիկոլ Փաշինյան․ - Այո:
«Ազատություն»․ - Ռեա՞լ է, որ հենց նոր փոփոխված օրենսգրքով գնաք ընտրությունների:
Նիկոլ Փաշինյան․ - Այո, ռեալ է, բայց եթե խորհրդարանը չընդունի էդ նոր օրենքը, այո, հնով կգնանք:
«Ազատություն»․ - Իսկ Արմեն Սարգսյանի հետ, երեկ Դուք հանդիպեցիք, ի վերջո, նրա դիրքորոշումն ինչպիսի՞ն է: Խոսեցի՞ք [ԱԺ] կանոնակարգ օրենքի մասին, նա ստորագրելո՞ւ է:
Նիկոլ Փաշինյան․ - Հայտարարության մեջ դիրքորոշումը, ըստ էության, արտահայտված է հանրապետության նախագահի, և ես չեմ կարծում, թե նա որևէ բան կանի: Ինքն է ասել, նաև հայտարարել, չեմ կարծում, որ նա ժողովրդի դեմ որևէ բան կանի:
«Ազատություն»․ - Իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ հիմա ի՞նչ եք քննարկելու, եթե նրանք ասում են՝ թեկնածու չեն առաջադրելու:
Նիկոլ Փաշինյան․ - Իմ այցելության նպատակը քաղաքական էս իրավիճակը կատարյալ կայունության և հանդարտության պայմաններում հանգուցալուծելն է, և երեկվա Հանրապետականի հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի այսօր գալ Ազգային ժողով:
«Ազատություն»․ - Ողջունո՞ւմ եք այդ հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյան․ - Ոչ թե ողջունում եմ այլ խելամիտ որոշում եմ համարում: