Երևանի հիմնի հնչյունների ներքո «Իմ քայլը» դաշինքի 57, «Լույս» դաշինքի 3 ու «Բարգավաճ Հայաստանի» 5 անդամների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: «Իմ քայլը» դաշինքից ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին՝ իր թիմին վստահելու համար ու խնդրանքով դիմեց ավագանու անդամներին․ - «Միշտ ուշադիր լինել մեր Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել և բոլոր հարցերը բերել, հասցնել այստեղ»:
Ավագանու նորընտիր կազմն այսօր ընտրեց չորս հանձնաժողովների նախագահների՝ որոնցից երեքն անկուսակցական են: Հանձնաժողովներից մեկը նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը, իսկ «Լույս» դաշինքը հրաժարվեց այդ առաջարկից:
Դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախորդ ավագանիում իրենք ունեինք հանձնաժողովի տեղակալ ու կարող էին իրենց ներկայացվածությամբ ինքնուրույն քվորում ապահովել, հիմա այդ հնարավորությունը չունեն, ուստի անհրաժեշտ չեն համարում ընդունել այդ առաջարկը:
«Բայց և այնպես, մենք դա գնահատեցինք որպես դրական քաղաքական ժեստ, գնահատեցինք որպես պատրաստակամություն՝ մեծացնելու խմբակցությունների ներգրավվածությունը քաղաքային կառավարման մեջ, տալու նրանց լծակներ», - հավելեց Խաժակյանը:
Ավագանիում իրենց տեղերից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորած Նաիրա Զոհրաբյանն ու հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցությունը, ի դեպ, այսօր հրաժարվեց իրենց հատկացված ծառայողական մեքենայից:
«Ծառայողական մեքենան որոշակի ծախս ա: Այն ծախսերը, որոնք հնարավոր է նվազեցնել և ինչ-որ մի տեղ ցույց տալ, որ մենք պատրաստ ենք ռեալ քայլերով այն խնդիրների շուրջ, որի մասին մենք խոսում ենք, տվյալ դեպքում դա բյուջետային խնդիրներն են, մենք հետամուտ լինենք այդ խնդիրները լուծելուն», - ասաց խմբակցության անդամ Արման Աբովյանը:
Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չբացառեց, որ գուցե քանդվող շինություններ լինեն, ասաց, որ ուսումնասիրելու են պայմանագրերը, եթե դրանցում վիճահարույց կետեր լինեն, նաև դատարան են դիմելու: Հարցին՝ գոնե մինչև Ձեր պաշտոնավարման ավարտը, կլուծվի տրանսպորտի հարցը, պատասխանեց՝ այո, հաստատ: Աղբահանության խնդիրը ևս, քաղաքապետի ընդգծմամբ, օր առաջ լուծման կարիք ունի:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Կարապետյանն ով, որպես ճարտարապետ միշտ հրապարակավ քննադատել է ապօրինի կառուցապատումների թույտվությունները:
Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Մնացականյանը, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի հանձնախժողովի նախագահ՝ Սաթենիկ Մկրտչյանը:
Արուսյակ Ջուլհակյանն էլ ընտրվեց իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: 4 հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ֊ի ներկայացուցիչը , իսկ «Լույս» դաշինքը հրաժարվեց այդ առաջարկից: Դավիթ Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախորդ ավագանիում իրենք ունեինք հանձնաժողովի տեղակալ ու կարող էին իրենց ներկայացվածությամբ ինքնուրույն քվորում ապահովել, հիմա այդ հնարավորությունը չունեն, ուստի անհրաժեշտ չեն համարում ընդունել այդ առաջարկը:
«Բայց և այնպես, մենք դա գնահատեցինք որպես դրական քաղաքական ժեստ, գնահատեցինք որպես պատրաստակամություն՝ մեծացնելու խմբակցությունների ներգրավվածությունը քաղաքային կառավարման մեջ, տալու նրանց լծակներ: Եվ ունենք առարկայական առաջարկներ թե՛ Երևանի ավագանու կանոնակարգում, թե՛ Երևանի ՏԻՄ օրենքում, և այդ առաջարկները, ինչպես ես ավագանու նիստում ասացի պարոն Մարությանին, մենք պատրաստ ենք ներկայացնել»:
Ավագանիում իրենց տեղերից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորած Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը:
Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չասաց, թե ովքեր են լինելու փոխքաղաքապետերը:
«Ազատության» հարցին՝ պատրաստ եք աշխատել նախկին փոխքաղաքապետերից, օրինակ, Կամո Արեյանի հետ, Մարությանը պատասխանեց․ - «Բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են իրականում ծառայել, եթե նրանք չունեն օրենքի հետ խնդիրներ, ես պատրաստ եմ աշխատել բոլորի հետ, ով օգուտ կտա»:
Ավագանու նորընտիր անդամների հետ այսօր նիստերի դահլիճում էին նաև քաղաքապետարանի հնաբնակները՝ 15 տարի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանը, քաղաքապետի մյուս տեղակալներ Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանը, Դավիթ Օհանյանը, ով բռնություն էր կիրառել «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանի նկատամբ, երբ վերջինս փորձել էր կոյուղաջուրը մոտեցնել Տարոն Մարգարյանին:
Ավագանու նիստից հետո մեզ չհաջողվեց զրուցել փոխքաղաքապետեր Դավիթ Օհանյանի, Կամո Արեյանի ու Վահե Նիկոյանի հետ: Նրանց քարտուղարները փոխանցեցին, թե նրանք այս պահին չեն կարող մեզ ընդունել:
Դեռ 2013-ին տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացնելու՝ Տարոն Մարգարյանի առաջարկը սատարողներից էր նաև Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Այդ ժամանակ նաև նրա հրաժարականը պահանջողների թվում էին Հայկ Մարությանն ու նորընտիր ավագանու մի խումբ անդամներ:
Այդուհանդերձ Հենրիկ Նավասարդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատրաստ է շարունակել աշխատանքը՝ եթե նման առաջարկ լինի:
Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրեց երևանցիներն իրեն կտեսնեն թե՛ երթուղայիններում, թե՛ հեծանիվով շրջելիս և թե՛ ոտքով քայլելիս:
Նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: