Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները լինելու են բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե հայկական կողմը փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը, սակայն հաջողության չի հասել:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած երկու հանդիպումները, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, և որ այս հակամարտությունը պետք է մոտ ապագայում կարգավորվի միջազգային սկզբունքների և նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - պնդել է Ալիևը:
«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողականություն կդրսևորի իր քաղաքականության մեջ, և մեր հողերը շուտով կազատագրվեն օկուպանտներից», - ասել է Ադրբեջանի նախագահը կառավարության ընդլայնված նիստում: