Նիքի Հեյլին հրաժարական տվեց ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից հրաժարական ներկայացրած Նիքի Հեյլիին, Վաշինգտոն, 9-ը հոկտեմբերի, 2018թ․

Անցյալ տարվա հունվարին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակված Նիքի Հեյլին հրաժարական տվեց: Պատճառների մասին ոչ Հեյլին, ոչ էլ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, ում հետ նա այսօր հանդիպել է, չեն հայտնում:

Նախագահ Թրամփը միայն նշել է, թե «հրաժարականը նախապատրաստվել է վաղուց», միևնույն ժամանակ հավելել, որ Հեյլիին առաջիկայում կարող է այլ պաշտոն առաջարկվել: «Նա ինձ վեց ամիս առաջ էր ասել, որ հնարավոր է՝ տարեվերջին ցանկանա հանգստանալ», - այսօր Օվալաձև սենյակում լրագրողների ներկայությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ամերիկյան մամուլը, սակայն, հակառակն է պնդում, գրելով, թե նախագահական աշխատակազմում անակնկալի են եկել Թրամփի ամենավստահելի խորհրդականներից մեկի հրաժարականի փաստից՝ հատկապես նախընտրական այս թեժ ժամանակահատվածում:

Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփը շուրջ երկու տարի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում ներկայացրած Հեյլիի հասցեին դրվատանքի խոսքեր չի խնայել՝ հայտարարելով, թե նա «շատ հատուկ անձ է», ով «հրաշալի աշխատանք է կատարել», ում հետ միասին «բազմաթիվ խնդիրներ են լուծել»:

Իր հերթին, արդեն նախկին դեսպանը պատասխանել է, թե մեծ պատիվ էր աշխատել այդ պաշտոնում: Հեյլին շտապել է հավաստիացնել, որ չի պատրաստվում մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին, փոխարենը՝ կպաշտպանի Թրամփի թեկնածությունը:

Մինչդեռ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Նիքի Հեյլին, ով զբաղեցնում էր Հարավային Կարոլինայի նահանգապետի պաշտոնը, ոչ միայն չէր պաշտպանում կուսակից Թրամփի թեկնածությունը, այլ նաև կոշտ քննադատում էր նրան՝ աջակցելով Թրամփի մրցակիցներին՝ նախ՝ Մարկո Ռուբիոյին, ապա՝ Թեդ Քրուզին:

Իր կոշտ քննադատին ՄԱԿ-ում դեսպան նշանակելու Թրափի մտադրությունը ամերիկյան դիվանագիտական շրջանակներում լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հեյլիի անփորձ լինելու փաստը: Այդուհանդերձ, Սենատի մեծամասնությունը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը:

Այդ պաշտոնում Հեյլին հանդես էր գալիս Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետևողական քննադատի դերում: Իր վերջին հայտարարություններից մեկում նա Մոսկվային մեղադրում էր Փհենյանի միջուկային ծրագրի պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները կոպտորեն խախտելու մեջ: Oգոստոսի վերջին էլ Հեյլին կոչ էր անում խզել տնտեսական կապերը Իրանի հետ, «որպեսզի Իրանը զրկվի միջուկային զենք ունենալու, ահաբեկչությանը աջակցելու հնարավորությունից»:

Ավելի վաղ՝ այս տարվա մարտին հրաժարական է տվել Թրամփի մեկ այլ թիմակից՝ տնտեսական հարցերով խորհրդական Հերի Քոնը, իսկ 2017 թվականին Սպիտակ տունը լքել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Դինա Փաուելը, մինչ այդ էլ՝ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը: