Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետի և ԱԺ նախագահի հետ

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ, փոխանցում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Այդ շրջանակում նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը և շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման և առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, ասված է հաղորդագրությունում:

Նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել և առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:

«Պայմանավորվել էինք մեր հեռախոսազրույցների, նաև Փարիզում մեր հանդիպման ժամանակ, որ պետք է հանդիպենք: Հանդիպել եմ արդեն նաև պարոն Բաբլոյանի հետ և կուզենայի քննարկենք ներքաղաքական իրավիճակը», - վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը:

«Իսկապես շատ կարևոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաև հանրապետության նախագահի հետ: Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա», - վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը: