Սլովակյան ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը անընդունելի է․ ԱԺ փոխնախագահ

Ադրբեջանական զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել սլովակյան MSM Martin ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ՝ դա համարելով անընդունելի:

«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ», - ընդգծել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

Կողմերը կարևորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:

ԱԺ փոխնախագահը կարևորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը: