Երեքշաբթի օրը պաշտոնական Անկարան հայտարարել է, թե խուզարկություններ կանցկացնի Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետաքննության գործի շրջանակներում:
Հայտնի լրագրողը մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 2-ին, մտել է իր երկրի հյուպատոսարան, ինչից հետո անհետացել է:
Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից:
Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք: Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ սաուդական կողմը բաց է համագործակցության համար՝ թույլատրելով խուզարկել հյուպատոսարանի տարածքը: Անկարան, սակայն, չի հստակեցրել, թե երբ է իրականացնելու զննությունը:
Երեքշաբթի օրը The Washington Post-ը, որին թղթակցում էր անհետացած լրագրողը, հրապարակել է նրա լուսանկարն այն պահին, երբ Հաշոգին պատրաստվում էր ներս մտնել հյուպատոսարանի շենք:
Լուսանկարը, որը թերթին է փոխանցել հետաքննությանը մոտ կանգնած անանուն աղբյուրն, արվել է դիվանագիտական ներկայացուցչության մերձակայքում տեղադրված տեսախցիկից: Սակայն սաուդական կողմի պնդումները, թե լրագրողը լքել է հյուպատոսարանի տարածքը, առայժմ չեն հաստատվում, այդ մասին վկայող ապացույցներ չեն ներկայացվել:
Հաշոգին Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարան էր այցելել որոշ փաստաթղթեր կարգավորելու համար՝ ազգությամբ թուրք հարսնացուի հետ ամուսնանալու նպատակով:
Սաուդական Արաբիայի ամենահայտնի և ազդեցիկ լրագրողներից մեկը համարվող Հաշոգին անցյալ տարվանից բնակվում է Միացյալ Նահանգներում: Հայրենիքում նա մասնավորապես հետևում էր թագաժառանգի գործունեությանը և հիմնականում կոշտ քննադատում Մոհամեդ բին Սալմանի հավակնոտ նախագծերն ու կասկածի տակ դնում դրանց արդյունավետությունը: Բացի այդ, նա սաուդական իշխանություններին մեղադրում էր ընդդիմադիրներին ճնշելու, հետապնդումների ենթարկելու մեջ:
Հաշոգիի կարծիքով՝ Էր-Ռիյադը սխալ քաղաքականություն է վարում նաև Եմենում: