Արարատ Միրզոյանը Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը

Արարատ Միրզոյան, արխիվ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հանրապետական խմբակցության՝ ծնունդով Ջավախքից պատգամավոր Տաճատ Վարդապետյանին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Ջավախքին վերաբերող, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցեր:

Ապա առաջին փոխվարաչպետի աշխատասենյակում են եղել Հանրապետական խմբակցության պատգամավորներ, խորհրդարանում քրդական և ասորական համայնքները ներկայացնող Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը։

Փոխվարչապետի գրասենյակը հայտնում է, որ քննարկել են այս համայնքների խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է եղել ներքաղաքական իրավիճակին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նախօրեին էլ Արարատ Միրզոյանը հյուրընկալել էր Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ինչից հետո պատգամավորը հայտարարեց, որ չնայած իր խմբակցությունը դեմ է, բայց ինքն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և համաձայն է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին: