ՀՔԾ-ն չի հրապարակում, թե ինչ գործով է ձերբակալվել Սամվել Մայրապետյանը

Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին:

Նախաքննական մարմնի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով․ - «Հաստատում ենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել․․․ անգամ թե որ գործի շրջանակներում է»:

Նախաքննական մարմինը առայժմ զերծ է մնում նշել, թե մասնավորապես ինչ գործի շրջանակներում և ինչ հոդվածով է կասկածվում հայտնի գործարարը՝ նշելով, որ անհրաժեշտ չեն համարում այս պահին այդ մասին հայտարարել։

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:

Հանրության լայն շրջանակներին նա հայտնի դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ մայրաքաղաքի հայտնի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ տարածքներ ձեռք բերեց այդտեղ:

Հանրային գերակա շահ ճանաչված այդ, ինչպես նաև Հյուսիսային պողոտային կից տարածքների նախկին բնակիչներից շատերը դեմ լինելով կառուցապատմանն ու միևնույն ժամանակ անհամաչափ որակելով փոխհատուցումները, տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում ընդդեմ Մայրապետյանի։ Քաղաքացիների այս ակցիաներն այդպես էլ օգուտ չտվեցին Հայաստանի ներսում, և միայն հազարավոր կիլոմետրեր հեռու Ստրասբուրգում՝ Եվրոպական դատարանը հօգուտ քաղաքացիների վճիռներ կայացրեց։

Մեկ այլ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունն է հետախուզում հայտարարել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկարամյա թիմակցի՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ անվամբ հայտնի Լևոն Սարգսյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել դեռ տասը տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Խոսքը տարիներ առաջ՝ 2008 թվականին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է։ Ըստ ԱԱԾ-ի, այս գործով 2011 թվականին դատարանը 10 հոգու դատապարտել էր մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

ԱԱԾ-ի հաղորդմամբ, վերջերս պարզվել է, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հենց Լևոն Սարգսյանն է, ով, լարված հարաբերությունների ունենալով Մաքսայինի նախկին պետի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործությունը:

Ինչպես հաղորդում է ԱԱԾ-ն, ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով: