Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել են մշակութային միջոցառումները

Տեսարան «Մանոն» օպերայի երևանյան բեմադրությունից:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում իրականացվելիք մշակութային միջոցառումների մեկնարկը տեղի ունեցավ երեկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի Ձմեռային այգում բացվեց ֆրանսաբնակ հայ գեղանկարուհի Ասիլվայի անհատական ցուցահանդեսը՝ «Ֆրանկաֆոնիան Հայաստանում» խորագրի ներքո:

Ցուցահանդեսի բացմանը ներկա Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր խոսքում այս ցուցահանդեսն անվանեց «ոչ սովորորական ցուցահանդես ոչ սովորական շաբաթվա ընթացքում»:

Ի դեպ, Ստամբուլում 1937 թվականին ծնված, այսօր արդեն 81-ամյա գեղանկարչուհի Ասիլվան շատ ուշագրավ ստեղծագործական ուղի է անցել․ նա առաջին քրիստոնյա գեղանկարչուհին է, որ1973 թվականին արժանացել է Թուրքիայի «Արվեստի նվաճումների համար» պետական մրցանակի: Իսկ 1993 թվականին հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը, դե իսկ Ֆրանսիայում վերաբնակության վերջին 5 տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում բազմիցս արժանացել է տարբեր պարգևների և կոչումների:

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորոնում երեկ երեկոյան տեղի ունեցավ ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» հանրահայտ օպերայի պրեմերան՝ Անդրեյ Ժագարսի բեմադրությամբ:

Անդրեյ ժագարսը օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանի հրավերով է Երևանում բեմադրել այս օպերան, ավելի վաղ Ժագարսն այն բեմադրել էր Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում, որտեղ գլխավոր դերերգի՝ Դե Գրիեի դերերգի համար հրավիրել էր մեր օպերային թատրոնի անվանի մեներգիչներից Լիպարիտ Ավետիսյանին, ով հենց այս դերերգի համար նույն տարում «Տղամարդու լավագույն դերակատարման համար» անվանակարգում արժանացավ հանրահայտ «Ոսկե դիմակ» մրցանակի:

Այս անգամ ևս մեր օպերային թատրոնում Լիպարիտ Ավետիսյանը հանդես է գալիս նույն դերերգով:

Հայաստանյան 9 թանգարաններ հատուկ ցուցադրություններով նախապատրատվել են Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին, մասնավորապես Սարյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը, Ազգային պատկերասարհում երեկ բացվեց տարբեր տարիներին Ֆրանկաֆոնիայի խաղերին մասնակցած յոթ հայ գեղանկարիչների ցուցահանդեսը:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում 2 օր հետո կբացվի «Գիրք և գինի» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված ֆրանսիական գրականությանը: Տեղի կունենան նաև ֆրանսիացի ժամանակակից հեղինակների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսներ:

Երեկվանից Ազատության հրապարակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ գագաթնաժողովի մասնակից երկրների արվեստագետները հանդես կգան ուշագրավ համերգներով:

Համերգային ամենատարբեր ծրագրեր են նախապատրաստել նաև հայ արվեստագետները, որոնք հանդես կգան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի համերգասրահներում ու բացօթյա բեմահարթակներում»: