Կարասին. Մոսկվայի և Երևանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած Հայաստանում անկայունության որոշակի պահպանմանը

«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը, համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որում անդրադարձել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ հարաբերություններին:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ ավանդաբար ակտիվ բնույթ ունեցող բարձր մակարդակում ռուս-հայկական երկխոսությունը շարունակվում է: Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է երեք, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ երկու անգամ», - նշել է Կարասինը՝ ընդգծելով․ - «Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անփոփոխություն է՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»:

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել է նրան ծննդյան 66-րդ տարեդարձի կապակցությամբ: Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նա նաև ուղերձ է հղել Պուտինին, որում մասնավորապես ասված է․ - «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Այդ հարաբերությունները հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության և փոխադարձ վստահության դարավոր ավանդույթների վրա: Այս համատեքստում ես հատկապես գնահատում եմ մեր միջև հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաև բազմակողմանի հարթակներում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»:

Վերջերս Հայաստանի վարչապետը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Ոտքի վրա երկու երկրների նախագահները ինչ-որ հարցեր էին քննարկում: Ընդ որում, Ռուսաստանի նախագահն ինքն էր մոտեցել Հայաստանի վարչապետին: