Շառլ Ազնավուրի կարիբյան ռիթմերը

France-Presse լրատվական գործակալությունը հաղորդում է պատրաստել Շառլ Ազնավուրի արվեստի իսպանական մասի, նրա կարիբյան ռիթմերի մասին՝ զրուցելով կուբացի երաժիշտների հետ, որոնց հետ աշխարհահռչակ շանսոնյեն հանդիպել է, նաև ալբոմ թողարկել:

Ջազ դաշնակահար, երգչախմբի ղեկավար և կոմպոզիտոր Չուչո Վալդեսը պատմել է, որ 2006 թվականին զանգ է ստացել Ազնավուրի թիմից՝ առաջարկ ստանալով միասին աշխատել ալբոմի վրա:

«Սկզբում ես չհավատացի, կարծեցի՝ ինչ-որ մեկը կատակում է», - ասել է 76-ամյա Վալդեսը, ով հիմա ապրում է Միացյալ Նահանգներում: «Իմ ամբողջ կյանքում Շառլ Ազնավուրին ես համարել եմ մեծագույն արտիստը, որ քայլել է երկրագնդի վրա», - հայտարարել է նա:

Կուբայական ռիթմերը Ազնավուրը առաջին անգամ օգտագործել է դեռ 1961 թվականին՝ ֆրանսերեն կատարելով իսպանական «Էսպերանսա»-ն: Հաջորդ քայլը կատարվել է 1999-ին, երբ նա կուբացի երկու երգիչների հետ ձայնագրել է «Մահանալ սիրուց» երգի իսպանական տարբերակը:

«Մենք շատ ուրախ էինք երգել ֆրանսիական երաժշտության հսկայի հետ», - պատմել է կատարողներից մեկը՝ Հուգո Գառզոնը: Նա ասել է, որ կուբացիները միշտ սիրել են Ազնավուրին՝ սկսած 1960-ական և 70-ական թվականներից: «Նրա երգերը միշտ կապրեն մեր սրտերում», - նշել է Գառզոնը՝ մի քանի տոն կատարելով «Մահանալ սիրուց» երգից:

2006 թվականին Ազնավուրը առաջին անգամ այցելել է Կուբա՝ ավարտելու համար իր իսպանական ալբոմը:

Վալդեսը աշխատել է նրա հետ և պատմել է, որ Ազնավուրը տասն օր մնացել է Հավանայում, ժամանակ ուներ շրջելու քաղաքում և «ուր գնում էր, դա անհավանական է՝ բոլորը ճանաչում էին նրան, լուսանկարվում հետը, ինքնագիր խնդրում»: Արդյունքը՝ մի քանի ամիս անց թողարկված ալբոմը, առլեցուն էր կարիբյան ջազային ռիթմերով և մթնոլորտով:

Ֆրանսիա վերադառնալուց առաջ նա ճաշի է հրավիրել կուբացի մի քանի երաժիշտների, այդ թվում՝ Սիլվիո Ռոդրիգեսին և Ամորի Պերես Վիդալին: Վերջինս ասել է, թե չի կարող մոռանալ ամենաէլեգանտ մարդուն, ում երբևէ տեսել է:

«Նա կարծում էր՝ այստեղ մտածում են, որ մի ֆրանսիացի է եկել ձայնագրություն կատարելու համար: Նա չէր կարծում, որ իկոն է՝ ոչ միայն ֆրանսիական մշակույթի, այլ նաև՝ Կուբայի մշակույթի», - ասել է Պերեսը:

Հավանայի սալսա բանդը կատարում է Ազնավուրի «Վենետիկն առանց քեզ» երգի իսպանական տարբերակը, և այդ հնչյունների տակ պարող 62-ամյա արհեստավոր, փականագործ Կարլոս Մեսսան France-Presse-ին ասել է․ - «Ընկեր է մահացել»: