Քթի տակ շշնջալով հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը, Էջմիածնի Մայր Տաճար էին շտապում քաղաքացիները՝ մասնակցելու Ազնավուրի հոգու խաղաղության համար մատուցվող հոգեհանգստյան կարգին:
«88-ի երկրաշարժի մասին աշխարհին պատմողը հենց Ազնավուրն էր», - «Ազատության» հետ զրույցում ասացին գյումրեցի կանայք, ովքեր Էջմիածնի մայր տաճար էին եկել մասնակցելու իրենց սիրելի երգչի, երգահանի ու կինոդերասանի հոգու խաղաղության համար մատուցվող հոգեհանգստյան կարգին:
«Ամենամեծ հիշողությունը երևի երկրաշարժին նվիրված երգն էր, որը․․․Իրոք այդ երգով երևի ինքը ավելի հանրաճանաչ դարձավ ամբողջ աշխարհի համար, որ կարողացավ բոլոր ազգերին միահամուռ ձևով ոտքի կանգնեցնել», - ասացին գյումրեցի կանայք:
Ազնավուրի հոգու խաղաղության համար Մայր տաճարում աղոթող քաղաքացիները դժվարությամբ էին խոսում նրա մասին՝ հուզված ու դողդոջուն ձայնով:
Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասում է՝ Ազնավուրի անունն ու գործը մեզ համար խրախուսիչ ու ոգևորիչ պետք է լինեն, հատկապես ազգային ինքնությանը հավատարիմ ու հաստատուն մնալու առումով:
«Նա երկար տարիներ մաքառել է, որպեսզի իր շնորհի ասպարեզում, արվեստի և երաժշտության ասպարեզում իր տեղը կարողանա գրավել: Եվ այնպիսի տեղ, որը պետք է կարողանար հավելել փառքը, իր ժողովրդի և մարդկանց մեջ գոհունակության զգացում առաջ բերեր, թե ինչպես անձը կարողանում է աստվածատուր իր շնորհը ծառայեցնել մարդու ուրախությանը, մարդու երջանկությանը և առհասարակ սիրո այդ աստվածային առաքինությանը, որը պիտի նրա երգի միջոցով, նրա խոսքի միջոցով, նրա գործի միջոցով, ինչպես նաև նրա բարի հայացքի միջոցով սփռվեր մարդկության կյանքում», - ընդգծում է քահանան:
94 տարեկան հասակում, կյանքից հեռացած՝ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սգո օր: