Քննարկվում է մարզպետների և մարզպետարանների մասին օրենքի նախագիծը

Կառավարությունը քննարկում է Տարածքային կառավարման մասին օրենքի նախագիծ, որը կարգավորելու է մարզպետների և մարզպետարանների գործունեությունը։

Հայաստանում երբևէ նման օրենք չի եղել և մարզպետարանները գործել են նախագահի դեռևս 1997 թվականի հրամանագրով և այլ իրավական ակտերով։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի հրամանագիրը ուժը կորցրել է և այստեղ օրենսդրական բաց կա։

«Օրենքի առկայությունը խիստ կարևոր է անկախ նրանից, թե հետագայում մարզպետարանները ինչ կարգավիճակ կունենան, Հայաստանի կառավարման համակարգը կլինի եռաստիճան թե երկաստիճան», - ասում է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը :

Տարածքային կառավարման համակարգի համար պատասխանատու նախարարը ոչ արդյունավետ է համարում մարզպետարանների գործունեությունը։ Կառավարություն, մարզպետարաններ, համայնքներ կառավարման համակարգի երկրորդ օղակը հանդիսացող մարզպետարանների գործառույթներն ըստ նրա կարելի է տալ խոշորացված և հետագայում խոշորացող համայնքներին։

«Ես խոշորացման պրոցեսը բավականին դրական եմ համարում այն հանգամանքից ելնելով նաև, որ Հայաստանի հետագա կառավարումը պատկերացնում եմ ոչ թե եռաստիճան համակարգով, այլ դա պետք է լինի երկաստիճան համակարգով: Մենք պիտի հրաժարվենք այդ խոշոր և պետության վրա ծանրացած ծանր համակարգից և անցնենք ավելի քիչ ֆինանսներ պահանջող, բայց ավելի արդյունավետ ու ավելի մոբիլ գործող համակարգի», - ավելացրեց նախարարը:

Մինչդեռ Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը, որ տարածքային կառավարման համակարգի ձևավորման առաջին իսկ օրից աշխատել է մարզպետարանում և համակարգել նաև համայնքներին վերաբերող հարցերը, հակադարձում է՝ մարզպետարանների կարիքը դեռևս կա։

«Գուցե որպես տարածքային կառավարման մարմին ամբողջությամբ ծրագրավորման լիազորություններ, իրավասություններ վերապահվեն միայն մարզպետարաններին: Բայց էս փուլում ես իմ անձնական տեսակետն ասում եմ, որ գտնում եմ, որ մարզպետարանների գոյությունը դեռևս համայնքների համար գոնե անհրաժեշտություն է»,- ասաց Ժիրայր Ղազարյանը:

Ըստ Ժիրայր Ղազարյանի, համայնքներն այսօր չունեն մարզպետարանների գործառույթներն իրենց վրա վերցնելու ռեսուրսներ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումից 22 տարի անց պատասխանատուներն արձանագրում են, որ ՏԻՄ համակարգը դեռևս կայացած չէ։

«Այսինքն տարիներ շարունակ լինելով էդ համակարգը, դեռևս վերանայման, վերափոխման անհրաժեշտությունը և ավելի մեծ լիազորություններ պետք է վերապահվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Բայց սա մի դեպքում, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստ կլինեն ամբողջությամբ իրականացնելու էն օրենքով նախատեսելի լիազորությունները, որոնք իրենց կվերապահվեն»,- նշեց Ժիրայր Ղազարյանը:

Թեև երեք տարի առաջ Հայաստանում սկսված խոշորացման գործընթացից այդպես էլ ծրագրում ներառված համայնքները չգոհացան, անգամ բողոքի ակցիաներ եղան, իրենց նախկին համայնքի կարգավիճակին վերադառնալու պահանջով, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համայնքների զարգացման ելքը հենց խոշորացումն է համարում։

«Այս խնդիրը համայնքների բնակիչներին, կամ դրա դրական կողմերը ու բացասական կողմերը գտնելու փորձեր նախորդ իշխանությունների կողմից չեն արվել: Այսինքն որոշումը եղել է քաղաքական՝ խոշորանում ենք, անկախ նրանից համայնքը ուզում է չի ուզում խոշորանում ես: Խոշորանում ես այն ձևով, ինչպես որոշել է կառավարությունը: Ճաշակի, քաղաքական նպատակահարմարության պայմաններում»,- ասաց Պապիկյանը՝ շարունակելով, - «Մենք արդեն իսկ հայտարարել ենք, վարչապետը նույնպես հայտարարել է՝ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող լինել այնպիսի խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից կամ համայնքի բնակիչների ցանկություններից»:

Նախարարը վստահեցնում է, որ առաջիկայում համայնքների խոշորացման հարցը կորոշվի միայն երկխոսությունների, ավելին, հանրաքվեների միջոցով։ Այս պահին, սակայն, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համայնքների խոշորացման գործընթացը կասեցված է։ Իսկ արդեն խոշորացած համայնքները նախկին կարգավիճակին չեն բերվի։ - «Այն, ինչ արվել է նախկին իշխանությունների օրոք, կացնահարել, սա էլ ճիշտ ճանապարհ չէ», - օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարար Սուրեն Պապիկյանը։