Փաշինյան․ Ազնավուրն այն մարդն է, որ հայի անունը հասցրել է նոր բարձունքների

«Այսօր հավաքվել ենք՝ մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին՝ Շառլ Ազնավուրին», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Փարիզում ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեի հրաժեշտի արարողության ժամանակ:

«Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավեր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ: Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը» :

«Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ոչ ամենևին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու և նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին», - ասաց Փաշինյանը:

«Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում և, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթևան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր: Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը ի վերջո գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին բացի իրենից չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմը իր գործը չէ, երգելը իր կոչումը չէ, որ ճակատագիրը առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից: Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն և նա գիտեր իր առաքելությունը, և այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներևակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց, ու գրեց, և նա գրեց ու երգեց դատարկ և կիսադատարկ դահլիճներում և նա երգեց անհոգնել ու աննահանջ և մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու և գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները: Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ՝ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար: Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և նա թերևս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք»:

«Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Խոսքն ուղղելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ - «Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում, չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը և բոլոր ֆրանսիացիներին ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը և Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել»:

Ապա վարչապետը շարունակեց․ - «Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և Հայաստանի Հանրապետության դեսպան: Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին: Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ և ինձ ուղղված վերջին նամակում մասնավորապես գրել էր. - «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։ Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. - «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։

«Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր.

Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձևակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: և այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:

Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ», - հայտաարարեց Նիկոլ Փաշինյանը: