Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Լի Մյունգ-Բակը 2010 թվականին՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյունգ-Բակը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, դատարանը նրան նաև պարտավորեցրել է 11․5 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել:

76-ամյա Լի Մյունգ-Բակը Հարավային Կորեան ղեկավարել է 2008-2013 թվականներին: Պաշտոնավարման ավարտին նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու մեջ՝ այդ թվում Samsung ընկերությունից: Նախկին նախագահին մեղադրում են նաև հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտրական օրենսդրությունը խախտելու մեջ:

Անցյալ տարի կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրվել նաև Հարավային Կորեայի ևս մեկ նախկին նախագահի՝ Պակ Գյուն-Հեին, ով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: