Արևմտյան չորս պետություններ ГРУ-ին մեղադրում են կիբերհարձակումների մեջ

ԱՄՆ արդարադատության փոխնախարար Ջոն Դիմերսը ասուլիսի ժամանակ հայտարարում է ռուսաստանցի 7 սպաներին մեղադրանք առաջադրելու մասին, Վաշինգտոն, 4-ը հոկտեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգները, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան և Կանադան ռուսաստանյան ռազմական հետախուզությանը մեղադրում են աշխարհով մեկ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ:

Նախօրեին Նիդերլանդները հայտարարել է, թե ապրիլին երկրից արտաքսել է Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) չորս աշխատակիցների, ովքեր փորձել են հաքերային հարձակման ենթարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Հաագայում գտնվող կենտրոնակայանը: Կազմակերպությունը վերջին ամիսներին քննում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումներն ու ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, որի համար Լոնդոնը մեղադրում է Մոսկվային:

Նիդերլանդների ռազմական գերատեսչության տվյալներով՝ հարձակման փորձը իրականացվել է ապրիլի 13-ին՝ Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումից մեկ շաբաթ անց և Սկրիպալների վրա հարձակումից մոտ մեկ ամիս անց: Նույն օրը կիբերհարձակումները նախապատրաստած ГРУ-ի չորս աշխատակիցներ արտաքսվել են Նիդերլանդներից: Նրանց պատկանող անձնագրերը տրված են Ալեքսեյ Մորոնեց, Եվգենի Սերեբրյակով, Օլեգ Սոտնիկով և Ալեքսեյ Մանին անուն-ազգանուններով:

Բրիտանական հետախուզության տվյալներով, այդ ռուսաստանցիներից մեկի մոտ հայտնաբերվել է տաքսու ուղեվարձի կտրոն՝ ГРУ-ի մասնաշենքից մինչև Շերեմետևո օդանավակայան, բացի այդ՝ Սերեբրյակով ազգանունով անձը ներգրավված է եղել Մալայզիայի տարածքում իրականացվող գործողություններում, որտեղ փորձում էր տվյալներ հայթայթել Դոնեցկում «Բոինգ»-ի կործանման հետաքննության ընթացքի մասին: Միջազգային քննչական խումբը հայտարարել է, թե 298 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը կործանվել է ռուսական բանակին պատկանող հրթիռով:

Մինչ պաշտոնական Մոսկվան հերքում էր այս մեղադրանքները, հրապարակվեցին նոր տվյալներ՝ Միացյալ Նահանգներից և Կանադայից:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է ռուսաստանցիների ցանկ, որոնց դեմ մեղադրանքներ են առաջադրվել: Ամերիկյան իշխանությունները ևս պնդում են, որ այդ անձինք՝ Ալեքսեյ Մորոնեցը, Եվգենի Սերբրյակովը, Իվան Երմակովը, Արտեմ Մալիշևը, Դմիտրի Բադինը, Օլեգ Սոտնիկովը և Ալեքսեյ Մինինը ГРУ-ի աշխատակիցներ են: Ավելին՝ նրանցից չորսի անունները համընկել են ապրիլին Նիդերլանդներից արտաքսված ռուսաստանցիների անունների հետ: Ամերիկյան իշխանությունների կողմից մեղադրվող ռուսաստանցիներից երեքի՝ Երմակովի, Մալիշևի և Բադինի դեմ էլ ավելի վաղ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք էր առաջադրել ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության գործով:

Ռուսաստանի թերևս ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ ГРУ-ի թիրախում են հայտնվել նաև Կանադայում գտնվող Հակադոպինգային միջազգային գործակալությունը, Փենսիլվանիայում գտնվող ատոմային էլեկտրակայանը: Նախօրեին Կանադան հայտարարել է, որ հարձակումների ետևում կանգնած է ГРУ-ն:

Եվրոպացի պաշտոնյաներն ընդգծում են, որ նման տվյալների հրապարակումը իրենց սովորական գործելաոճին չի համապատասխանում, սակայն հաշվի առնելով ГРУ-ի գործունեության ծավալները, որոշել են այդ քայլին դիմել:

«ГРУ-ն կարող է անպատիժ մնալ և շարունակել հարձակումները միայն այն դեպքում, երբ իր աշխատակիցներին հաջողվի ստվերում մնալ», - հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Անն Բայլևելդը:

Բրիտանացի դեսպանը, իր հերթին, արտասահմանյան երկրներին կոչ է արել լույս սփռել ГРУ-ի գործունեության վրա, հնարավորինս շատ տեղեկություններ փոխանակել այդ մասին, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել պոտենցիալ զոհերին: