Օլեգ Սենցովը դադարեցրել է հացադուլը

Ռուսաստան - Օլեգ Սենցովին բանտում բուժհետազոտության են ենթարկում, սեպտեմբեր, 2018թ․

Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը դադարեցրել է հացադուլը: Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ՌԴ քրեակատարողական ծառայության փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն:

Մոտ 140 օր առաջ Սենցովը ծայրահեղ այդ քայլին էր դիմել ռուսական բանտերում պահվող ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Նրանց թիվը 64 է:

Վլադիմիր Պուտինի վարչակազմը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել այդ պահանջներին, ավելին՝ ռուսաստանյան իշխանությունները շարունակաբար պնդում էին, որ ավելի քան չորս ամիս հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի վիճակը «կայուն է»:

Ավելի վաղ ռուսաստանյան «Նովայա գազետա»-ն գրել է, որ Մոսկվան ցանկանում է Սենցովին փոխանակել ամերիկյան բանտում գտնվող Վիկտոր Բուտի, Մարիա Բուտինայի և Կոստանտին Յարոշենկոյի հետ: