Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի Գերջուշ արվարձանում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով 7 թուրք զինվոր է զոհվել, 2-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Անվտանգության ծառայության տեղեկությունների համաձայն, այսօր վաղ առավոտյան ծառայության մեկնող զինվորներին տեղափոխող զրահամեքենան պայթեցվել է Մարդինի նահանգի Դարգեչիդ շրջան տանող ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկներով։ Պայթյունի արդյունքում 4 զինվոր տեղում զոհվել են, 5-ին տեղափոխել են Բաթմանի շրջանային հիվանդանոց, սակայն 3 վիրավորի կյանքը չի հաջողվել փրկել։
Բաթմանի նահանգապետը այցելել է հիվանդանոցում գտնվող զինվորներին։
Հարձակումը իրականացրած զինյալների հայտնաբերման ուղղությամբ շրջանում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնցում ներգրավվել է նաև օդուժ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, դատապարտելով թուրքական զինուժի նկատմամբ իրականացված հարձակումը, հայտարարել է «ահաբեկչության դեմ պայքարը ավելի մեծ ուժով շարունակելու մասին»։ Նա վստահեցրել է, որ «մեղավորները պատասխան են տալու զոհերի արյան համար»։