Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում նկատվող դրական միտումները և խոստանում է անել հնարավորը՝ գործընթացին աջակցելու համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Արտգործնախարարության ամենշաբաթյա ասուլիսում ադրբեջանցի լրագրողը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած վերջին հանդիպումը, ինչպես նաև առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կարճատև զրույցը Դուշանբեում, նշելով՝ փորձագետները ենթադրում են, որ հենց Մոսկվան է դրական հենք ստեղծել այդ բանակցությունների կայացման համար: Մարիա Զախարովան, ըստ էության, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ պնդումները:
«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, առկա էր վերջին շրջանում: Մեր կողմից, մենք անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերենք», - ասել է Ռուսաստանի արտքին քաղաքական գերատեսչության խոսնակը: