ԱԺ տարածքում քաղաքացիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Ցուցարարները ԱԺ տարածքում, Երևան, 3-ը հոկտեմբերի, 2018թ․

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

Միջադեպը տեղի էր ունեցել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում քաղաքական ուժերի հետ բանակցություններ էր վարում։ Համացանցում հայտնված տեսանյութի հեղինակի պնդմամբ՝ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) և Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) ու նրանց կողմնակիցները հայհոյանքներ են հնչեցնում ցուցարարների հասցեին։

Ոստիկանությունը բերման էր ենթարկել հինգ հոգու, ևս մեկը իր կամքով էր ներկայացել իրավապահներին։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել, նրանք դեռևս որևէ կարգավիճակ չունեն։

Այսօր կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ բերման ենթարկված անձինք պատգամավորներ Պողոսյանի և Գրիգորյանի թիկնապահներից ու վարորդներից են։

«Ե՛վ թիկնապահ, և՛ վարորդ», - նշեց Օսիպյանը, իսկ այն հարցին, թե ո՞ւմ թիկնապահներն էին, նա պատասխանեց, - «Մի փոքր առաջ ձեր կողմից բարձրաձայնած այդ երկու պատգամավորների»:

Ոստիկանապետը չբացառեց, որ նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն: «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը կփոխանցվի և նրանց կտրվի իրավական գնահատական», - ասաց Վալերի Օսիպյանը:

Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպին երեկ խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խնդրանքով անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին։ Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ՝ երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածը անպայման կլրացնեն», - ասաց վարչապետը, ընդգծելով՝ նման պահվածք ցուցաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։ «Եվ ես հույս ունեմ, որ օրենքը այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները իրենց բավարարված կզգան դրանից, և չի ստացվի էնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Եվ ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր էդպիսի արարքների հեղինակներ են, զգուշացնել, որ նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Եվ ես ասում եմ, որ կարողա մեր ուժերը այլևս չբավարարեն, որպեսզի ոմանց Երևան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել», - ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Դեպքի ականատես Արմեն Ավետյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել էր, թե ինչպես են որոշ անձինք հայհոյանքներ հնչեցրել ցուցարարների հասցեին և վնասել մարդկանց ավտոմեքենաները։

«Նրանք 10-15 հոգուց բաղկացած հրոսակախմբով կատաղած, հայհոյելով, ամենածանր հայհոյանքներով այն մարդկանց, ովքեր ներկա էին էդտեղ՝ ասելով, թե «սրանք ո՞վ են, ինչի՞ են եկել»: Հանկարծ իրենց հայացքները հառեցին ինձ, ու ես մեքենայի մեջ էի, «ինչ կա՞», ես էլ ասեցի՝ «էդ ո՞ւմ եք քրֆում» ու նույնը ես ասեցի իրանց՝ իրենց նույն բառերով: Ով որ կհայհոյի մեզ, բոլոր ներկաներին, ովքեր եկել են տեր լինելու իրենց արդար պահանջին, նույն կերպ ես հայհոյեցի նրանց, արժանին մատուցեցի», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Արմեն Ավետյանը:

Քաղաքացին պնդում է, որ վնասվել է նաև իր մեքենան: «Որից հետո հետևեցին քաշքշոցներ, փորձում էին ինձ մեքենայից դուրս բերեին՝ չնայած վախեցած իրենց գործողությունների մեջ, կցկտուր, բայց այդ ամենի մեջ մեքենաս տուժեց, որ վնաս պատճառելով մեքենային: Հարցը նյութական վնասը չէ այստեղ, հարցը բարոյական վնասն է», - ասաց Ավետյանը:

ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ըստ էության անդրադառնալով այս միջադեպին, իր հետ առնչվող «Քեթրին» հասարակական կազմակերպության Ֆեյսբուքի էջում հայտարարել է՝ ցանկացած չհիմնավորված խոսք, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը։ ՀՀԿ-ական պատգամավորը պնդել է, թե քննչական գործողություններից առաջ բարձր մակարդակով արված չհիմնավորված հայտարարությունը նշանակում է, որ վարչապետը ուղղորդում է օրինապահ մարմիններին։