Նիդերլանդները հայտնում է ապրիլին Ռուսաստանի ռազմական հետախուզության 4 աշխատակցի արտաքսելու մասին

Նիդերլանդներ - Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կենտրոնակայանը Հաագայում, արխիվ

Նիդերլանդները հայտարարում է, թե ապրիլին երկրից արտաքսել է Ռուսաստանի ռազմական հետախուզության չորս աշխատակիցներին, որոնք փորձել են հաքերային հարձակման ենթարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Հաագայում գտնվող կենտրոնակայանը:

Կազմակերպությունը վերջին ամիսներին քննում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումներն ու ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, որի համար Լոնդոնը մեղադրում է Մոսկվային:

Ըստ Նիդերլանդների պաշտպանության նախարարի, ռուսական հատուկ ծառայությունների թիրախում է եղել նաև միջազգային քննչական խումբը, որը զբաղվում էր 2014-ին Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի գործով: Ամիսներ առաջ այդ քննությունը հայտարարեց, թե 298 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը կործանվել է ռուսական բանակին պատկանող հրթիռով:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան էր հայտարարել, թե Ռուսաստանի ռազմական հետախուզությունը ողջ աշխարհով կիբերհարձակումներ է իրականացնում՝ ժողովրդավարական ինստիտուտների դիրքերը թուլացնելու, քաոս տարածելու համար:

Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: