«Ռուզան Առաքելյանի նկատմամբ Արաբկիրի բաժնի պետ տեղակալը անձամբ կապ է հաստատել և ճշտել է: Նա [Առաքելյանը] որևէ խնդիր չի տեսնում, նա պարզապես ասում է, որ այդ ամենը մի փոքր էլ չափազանցված է: Նա հրաժարվել է ոստիկանություն գալ և խնդրել է այդ հարցով չանհանգստացնել իրեն», - նշեց ոստիկանապետը՝ հավելելով․ - «Ոստիկանությունը որևէ ահազանգ, որևէ քաղաքացի չի դիմել, որևէ հարցով չի ներկայացել, որ իր մեքենան կամ ինչ-որ գույքը վնասվել է»:
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը՝ մասնավորապես գրելով․ - «Երեկ Ազգային ժողովում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են կոտրվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»:
Աշոտյանը երեկ դիմելով վարչապետին՝ ասել էր․ - «[Խնդրում եմ] Ձեզ, որպես վարչապետի և տղամարդու, զբաղվել նա տիկին Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով: եվ ես ակնկալում եմ, որպեսզի կառավարությունը, ուժայինները, որոնք Ձեզ լսում են ցանկացած հարթակից, ստանան Ձեզանից հանձնարարական՝ պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, հայտնաբերեն նաև ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին»:
Արմեն Աշոտյանն այդպես էլ չէր մանրամասնել, թե հատկապես ի՞նչ է տեղի ունեցել դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ: Փորձեցինք հենց Ռուզան Առաքելյանից ճշտել եղելությունը: Նա ասաց՝ թեման փակ եմ համարում, ոչինչ չունեմ ասելու:
Ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում Առաքելյանը նշել էր, որ
իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ, ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վանիկ Ասատրյանը դժգոհել էր, թե իր ու ԱԺ-ի գրեթե բոլոր ծառայողական մեքենաների անիվներն իջեցրած են եղել:
Ոստիկանությունից ազատությանը փոխանցեցին, որ պատգամավոր Վանիկ Ասատրյանն իր ավտոմեքենային վնաս հասցնելու մասով բողոք չի ներկայացրել ոտսիկանություն:
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն ասաց, որ լուրջ վնասներ խորհրդարանի ծառայողական մեքենաները չեն կրել, բացառությամբ մեկ մեքենայի, որի անիվներն են իջած եղել:
Արմեն Աշոտյանը, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսին է արձագանքել՝ նշելով, որ վնասված մեքենաներ ասելով ինքը միայն ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին չի խոսել:
Ֆեյսբուքյան իր ստատուսում Աշոտյանը նաև նշել էր, որ ինքն իրավացի է, ու խնդրում է վարչապետին, հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաև այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: