Արևելք-Արևմուտք ինստիտուտը տարվա պետական գործչի մրցանակը շնորհել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Երեկ Նյու Յորքում՝ Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանն, ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը շնորհվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արևելք-Արևմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում մասնավորապես նշել է. - «Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի և արձանագրած նվաճումների, ինչպես նաև համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար: Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի և պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա»:

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, իր ելույթում մասնավորապես ասել է․ - «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաև այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը: Եթե 20-րդ դարը բնական պաշարների և, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու: 21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջան է, երբ ամեն բան արվելու է և ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրա՛նց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու»:

«Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետևաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան»:

«Ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը», - ասել է Արմեն Սարգսյանը:

Ամենամյա այս մրցանակը տարբեր տարիների շնորհվել է այնպիսի անվանի գործիչների, ինչպիսիք են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին և այլք:

Արևելք-Արևմուտք ինստիտուտը հիմնադրվել է 1980 թվականին: Այն միջազգային հեղինակավոր կառույց է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում: Տարբեր տարիներին ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխկանցլեր և արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, «ՊեպսիԿո» ընկերության հիմնադիրի Դոնալդ Քենդալը և շատ ուրիշներ: