Հոկտեմբերի 2-ի հանրահավաքին քաղաքացիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքով կա 5 բերման ենթարկված. ոստիկանություն

Վարչապետի հրավիրած հանրահավաքն Ազգային ժողովի շենքի դիմաց, 2-ը հոկտեմբերի, 2018թ.

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր բերման է ենթարկվել ևս երկու քաղաքացի, այսպիսով բերման ենթարկվածների թիվը հասել է 5-ի, «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։

Ոստիկանությունից նաև նշեցին, որ գործն իրենց մոտ է, քրեական գործ դեռ հարուցված չէ։

Խոսքը վերաբերում է լրատվամիջոցների տարածած մի տեսանյութի, որի հեղինակները պնդում են, որ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) և նրանց կողմնակիցները հայհոյանքներ են հնչեցնում ցուցարարների հասցեին։

Նշենք, որ այս միջադեպին երեկ Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խնդրանքով անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. - «Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի»։

Վարչապետն ընդգծեց՝ նման պահվածք ցուացաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։