ՀՔԾ-ն արձագանքում է իր հասցեին հնչած մեղադրանքին

2016-ին Սարի թաղի դեպքերից տուժածներն ու իրավապաշտպանները պնդում են, որ քրեական գործի քննությունը կասեցնելը վկայում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) անգործության մասին:

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում քննիչ Գարեգին Բեգոյանն անդրադառնալով այս մեղադրանքներին ու ցույց տալով 2 տարվա ընթացքում կազմված 22 հատորներն՝ ասաց․ - «106 քաղաքացու վերաբերյալ ահազանգեր ենք մենք ստացել, որ տուժել են: 106-ից 98-ը հարցաքննվել են, էն 8 հոգին էլ ստեղ չեն»:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման օրերին հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիա մասնակիցների ու այն լուսաբանող լրագրողների վրա:

Ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը ոստիկանների արձակած պայթուցիկներից վնասվածք ստացածներից մեկն է: Նա կարծում է, որ ՀՔԾ-ն չի կարևորում գործի բացահայտումը:

Ֆոտոլրագրողն անընդունելի է համարում վարույթի կասեցումն ու բերված հիմնավորումը, թե՝ մեղավորին հայտնաբերելն անհնարին է․ - «Բայց ստեղ տասնյակ տեսախցիկներ են աշխատել․․․»

ՀՔԾ քննիչ Գարեգին Բեգոյանը, ով առաջին օրվանից է զբաղվում գործով, ասաց, որ հնարավոր բոլոր տեսանյութերն ուսուսումնասիրել են ու նաև դրանց հիման վրա է 9 անձի մեղադրանք առաջադրվել:

Անդրադառնալով ՀՔԾ-ին ուղղված մեղադրանքներին, թե 2 տարվա ընթացքում անգործության են մատնված եղել՝ քննիչն ընդգծեց, թե 2016-ի օգոստոսի 8-ից առայսօր 50-ից ավելի հանձնարարություններ են տվել Ոստիկանությանն ու Ազգային անվտանգոթւյան ծառայությանը, նշեց, որ նաև նրանց գործողություների շնորհիվ են այդ 9 հոգուն մեղադրանք առաջադրվել:

Հարցին, թե հապա ի՞նչն էր խանգարում վարությը չկասեցնելով շարունակել գործը, քննիչն արձագանքեց, որ «նախաքննության ժամկետները պահպանելը ու դրանք պարբերաբար հետաձգելը հիմնավորել էր պետք»․ - «Հանձնարարականն ուղարկում ես, սպասում ես, որպեսզի դրական արդյունք լինի: Եթե տեսնում ես, որ դրական արդյունքը տևական ժամանակահատված չկա, էս դեպքում վարույթը պահել նախաքննության փուլում և ամեն անգամ նախաքննության ժամկետներ երկարացնելը ինչո՞վ է արդարացված: Այս պահի դրությամբ չկան այդ փաստական տվյալները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել»:

Սարի թաղի դեպքերից տուժած ու ոստիկանների արձակած պայթուցիկներից երկու ոտքի վնասվածք ստացած լրագրող Ռոբերտ Անանյանը դիմելով ՀՔԾ-ին ասում է՝ այդ օրերին հրաման արձակողների անունները պարզ են, ի՞նչ է նշանակում մեղավորին հայտնաբերելն ահնարին է․ - «Սասուն Խաչատրյանը, երբ եկավ ՀՔԾ պետ և Մարտի 1-ի գործը սկսեցին օբյեկտիվ քննել, մենք հասկացանք, որ իրապես ժողովրդավարական կարգեր են մեր պետության մեջ հաստատվել: Մենք հույս ունեցանք, որ հիմա կբացահայտվի նաև էս դեպքը: Բայց ստանում ենք էսպիսի որոշում, որը մեղմ ասած հուսահատեցնող է: Երկու տարի ՀՔԾ-ն ոչինչ չի արել, ընդամենը մի քանի վկա են հարցաքննել․․․ և ասուն են, որ մեղադրյալը չի հայտնաբերվել: Էդքան դժվա՞ր էր հասկանալ, թե ոստիկանության գործողությունները էս տարածքում ով է համակարգել, երբ ակնհայտ է, որ Լևոն Երանոսյանը և Աշոտ Կարապետյանը»:

Առայսօր պարզված չէ այն մարդկանց ինքնությունը, ովքեր լրատվամիջոցների կարդրերում անարգել անցնում էին ոստիկանական պատի շարքերն ու դեղահաբի նմանվող ինչ-որ բան կուլ տալիս: Պարզված չեն, նաև քաղաքացիական հագուստով ու մահակներով ցուցարարների և լրագրողների վրա հարձակվածների ինքնությունը: Բայց պարզվել է նրանց հետ եղածներից մի քանիսնի ով լինելը, ՀՔԾ-ն պնդում է՝ 9 մեղադրյալների մեջ նաև նրանցից մի քանիսը կան:

Իսկ լրագրող Անանյանի հարցին՝ քննիչը հարցով պատասխանեց․ - «Պատկերացրեք, որ ես հիմա Լևոն Երանոսյանին, ասենք, Անանյանի ցանկությամբ, կամ Ղուկասյանի ցանկությամբ, կամ Սաքունցի ցանկությամբ բերեմ մեղադրանք առաջադրեմ․․․ Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը այս կամ այն անձին մեղադրանք առաջադրելու համար քննիչից պահանջում է ապացույցների բավարար համակցություն: Ես ի՞նչ պետք է մեղադրանքի մեջ գրեմ, որ պարոն Անանյանը էդպե՞ս է կարծում․․․»

ՀՔԾ քննիչ Գարեգին Բեգոյանը հիշեցնում է, որ վարույթի կասեցումը չի նշանակում, որ գործը փակվել է: Ընդգծեց, որՀՔԾ-ն, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս գործը փակված չեն համարում: