ԲՀԿ-ական և ՀՅԴ֊ական նախարարները մինչև կեսօր հավաքել են իրերն ու լքել աշխատասենյակները

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության քվոտայով նախարարներն այսօր աշխատանքի էին ժամանել միայն իրերը հավաքելու և աշխատակազմին հրաժեշտ տալու նպատակով:

Գյուղատնտեսության նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանը առանձնապես տանելու բան չունի՝ մի քանի գիրք ու նոթատետր:

Վարչապետը Կառավարության ԲՀԿ-ական և դաշնակցական վեց նախարարաներին երեկ ուշ երեկոյան ազատեց զբաղեցրած պաշտոններից հենց Բաղրամյան պողոտայում՝ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ․ - «Իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման Դաշնակցությունը ԵՎ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները»:

Դրան նախորդել էր ՀՅԴ-ի հայտարարությունը, թե կառավարությունից հետ են կանչում իրենց նախարարաներին: Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունում ՀՅԴ-ն զբաղեցնում էր տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարների պորտֆելները: ԲՀԿ-ին վստահվել էր մեկ փոխվարչապետի և չորս նախաարրի պաշտոն: Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Սպորտի և երիտասարդության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները ղեկավարում էին ԲՀԿ֊ականներ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնանկ չի արվել: Նա ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը Փաշինյանի գլխավորած կառավարությունում:

Վարչապետի այս կտրուկ քայլին նախորդել էր Ազգային ժողովում «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոոխություններ կատարելու՝ Հանրապետականի նախագծին կառավարության մաս կազմող ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմ քվեարկելուն:

Նախագիծը Նիկոլ Փաշինյանը բնութագրել էր «հակահեղափոխական»: ՀՀԿ, ՀՅԴ ԲՀԿ եռյակը երեկ ուշ երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեց և նախագիծը անցկացրեց:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օրինագծի մասին տեղյակ եղել է, իսկ զարգացումներն անսպասելի են եղել․ - «Եթե ինչ-որ մարդկանց համար նույնիսկ սպասելի էր, ապա շատ սահմանափակ թվով, որոնց մեջ ես չկայի»:

Արթուր Խաչատրյանը դեմ չէ արտահերթ խորհրդրանական ընտրությունների անցկացմանը, սակայն կարծում է, որ ժամկետները Նիկոլ Փաշինյանը նախ պետք է քննարկեր կառավարության գործընկեր ուժերի հետ․ - «Կառավարության կազմում երեք քաղաքական ուժեր կային: Կարծում եմ, այդ երեք քաղաքական ուժերը նաև պետք է քննարկեին, կառավարության մեջի ուժերը․․․ Բանակցությունները պետք է ընթանային մինչ այդ օրինագծի ի հայտ գալը, մինչև որոշում կայացնելը, թե երբ պետք է լինել ընտրությունները»:

Անկախ անսպասելի զարգացումներից՝ Արթուր Խաչատրյանը չի դժգոհում կառավարության աշխատանքից: Նախկին նախարարը խոստովանում է, որ հետհեղափոխական կառավարությունում թանկարժեք նվերներ չի ստացել, ափսոսում է, որ չհասցրեց ավարտին հասցնել իր ծրագրերը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը վերջին անգամ նախարարական աշխատասենյակում անցկացրել է մինչև կեսօր:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարների հետ կապ հաստատել չհաջողվեց: Անգամ ԲՀԿ-ական պատգամավորները չմեկնաբանեցին Նիկոլ Փաշինյանի որոշումը: