Արկադի Դվորկովիչը՝ ՖԻԴԵ-ի նախագահ

Արկադի Դվորկովիչը ընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ:

ՖԻԴԵ-ն՝ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան, այսօր Բաթումիում տեղի ունեցած համագումարում նախագահ է ընտրել Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:

Նրա մրցակիցներն էին փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը Հունաստանից և բրիտանացի գրոսմայստեր Նայջըլ Շորթը, ով այսօր ինքնաբացարկ է հայտնել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին:

Նախկին փոխբարչապետը ստացել է 103 քվե, իսկ Մակրոպուլոսը՝ 71: Եվս 1 քվե անվավեր է ճանաչվել:

1995 թվականից ՖԻԴԵ-ն ղեկավարող նախագահ, Կալմիկիայի նախկին նախագահ, վիճահարույց գործարար Կիրսան Իլյումժինովը, ով Սիրիային գաղտնի սատարելու մեղադրանքով հայտնվել է ամերիկյան պատժամիջոցներին ենթարկված գործիչների ցանկում, այս անգամ չի առաջադրվել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին:

Ընտրություններից հետո Դվորկովիչն ասել է, որ ՖԻԴԵ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ:

«Հաղթանակի համար շատ ուրախ եմ, հիմա պետք է սկսել ՖԻԴԵ-ի վերակառուցումը, այն պետք է դառնա լուրջ և ծանրակշիռ միջազգային կազմակերպություն»,- ասել է Արկադի Դվորկովիչը: