Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել «որոշ օլիգարխներին և նրանց թեկնապահներին ասֆալտին պառկեցնելու» վարչապետի հրահանգը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցուպատասխանի ժամանակ՝ նշելով, որ «երեկ ուշ երեկոյան հանրահավաքից հետո քաղաքացիները հանդարտ հեռանում էին Դեմիրճյան փողոցով, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրա հետ գտնվող մարդիկ սկսեցին հայհոյանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին», Լենա Նազարյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարչապետը տեղյակ է այդ միջադեպից, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ։
«Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Քննությունը կպարզի դա Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե՞՝ ոչ, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել, և, ըստ ամենայնի, եթե պարզվի, որ նա այդպիսի պահված է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա այնուամենայնիվ լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում»։
Վարչապետն ընդգծեց՝ նման պահվածք ցուացաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։
«Ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն, և իմ տեղեկություններով այդ գործով կան բերման ենթարկվածներ», - ասաց վարչապետը։