«ԱՄՆ ուրիշ նախագահ չունի, ուրիշ ԱՄՆ չկա, աշխատելու ենք նրանց հետ». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում էներգետիկայի հարցերով համաժողովում, Մոսկվա, 3 հոկտեմբերի, 2018թ.

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի նիստի ընթացքում այսօր ասել է, որ Մոսկվան աշխատելու է Միացյալ Նահանգների և նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Ամերիկան ուրիշ նախագահ չունի, ուրիշ ԱՄՆ չկա, ուստի, մենք աշխատելու ենք նրանց հետ»,- ասել է Պուտինը, հավելելով, որ ԱՄՆը- խոշոր գերտերություն է և շատ ասպարեզներում լիդեր է:

Պուտինի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները Ռուսաստանի համար բնական դաշնակից է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, պայքարը ահաբեկչության դեմ և կլիման փրկելու համար:

Նախագահ Պուտինը նաև խոսել է ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության թեմայի մասին:

«Ժամանակն է, որ Ամերիկայում այդ խավարամտությանը վերջ տրվի, որ չփորձեն այդ հարցով թունավորել ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ինչը բացասական է ազդում աշխարհի վրա»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:

«Վերջապես թող ամերիկյան վերնախավում հանգստանան և միմյանց հասկանան, որ այնտեղ, ինչպես նավթային շուկայում է՝ իրավիճակը կայունանա, վերականգնվի ողջամտությունը և համազգային շահերի հավասարակշռությունը»- ասել է Պուտինը:

Խոսելով Սիրիայի իրավիճակի մասին, Ռուսաստանի ղեկավարն ասել է, թե Մոսկվայի ցանկությունն այն է, որ օտարերկրյա բոլոր զորամիավորումներն, այդ թվում՝ ռուսական, ի վերջո հեռանան այդ երկրի տարածքից:

Նա պնդել նաև, որ Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: