Զինվոր Գևորգ Հարոյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

«Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ 21-ամյա զինվորը ծանր հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ժամեր անց Գևորգ Հարոյանը մահացել է հոսպիտալում: