«Որևէ մեկը չի վիճարկում, կամ չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել». Արարատ Զուրաբյան

Արարատ Զուրաբյան

Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն ասաց, որ վարչապետի նոր թեկնածու առաջադրելու մասին մտահոգությունն «ավելորդ է»:

«Չկա մտահոգության բան: Որևէ մեկը չի վիճարկում, կամ չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, կամ որևէ պրոցեսի խոչնդոտել», - ասաց Արարատ Զուրաբյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների վիճահարույց օրինագծին կողմ քվեարկելու մասին պատգամավորն ասաց, որ ինքը քաղաքական թիմ է ներկայացնում և չի պատրաստվում իր քաղաքական թիմին հակառակվել:

Զուրաբյանի խոսքով՝ երկրում չկա այնպիսի ուժ, որը կվիճարկի այն փաստը, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրել է առաջնորդ՝ պետության ղեկավար։

«Խնդիրը հետևյալն է՝ Հանրապետականն ուզում է մի երկու-երեք կամ չորս ամիս ուշ անի ընտրությունն, իսկ Փաշինյանն ուզում է շուտ: Ես ինքս առաջարկել եմ մայիս ամսին անմիջապես անել: Կարծում եմ անմիջապես անելուց էս խնդիրները լրիվ դուրս կգային», - ասաց պատգամավորը:

Իվետա Տոնոյան, արխիվ

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղեկացել է ստեղծված իրավիճակի մասին:

Հարցին, թե ԱԺ կանոնակարգում փոփոխությունների քվեարկությունը նրա հետ համաձայնեցվա՞ծ էր, Տոնոյանն արձագանքեց. - «Գագիկ Ծառուկյանն օնյալն կերպով տեղեկացել է ստեղծված իրավիճակի մասին, զուտ ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել։ Վերադարձից հետո պարոն Ծառուկյանը կանդրադառնա բոլոր հարցերին։ Այս պահին ես այլ բան չեմ կարող ասել»։

Գևորգ Պետրոսյան, արխիվ

Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց նպատակն այն է, որ ժողովուրդն այս ամենից չտուժի, իսկ «արտահերթ խորհրդարանական ընտրությունների արհեստական սեղմ ժամկետներում անցկացնելն», ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, կարող է արդյունավետության տեսանկյունից խնդիր առաջացնել:

«Վարչապետն էլ առայժմ այն կարծիքին է, որ դրանք պետք է անցկացվեն դեկտեմբերին։ Այստեղ կան և՛ տեխնիկական խնդիրներ, և՛ իրավական արարողակարգեր։ Այնուամենայնիվ բանակցությունները չի կարելի համարել ձախողված, վարչապետի հետ համաձայնեցվեցին, որ [բանակցությունները] պետք է շարունակական բնույթ կրեն, այս պահին որևէ վերջնական որոշում չկա: Հանդիպումն անցավ փոխադարձ հարգանքի մթնոլորտում», - ասաց Պետրոսյանը։

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխություններն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որոնց կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Փաշինյանի կոչով մարդկանց մեծ բազմություն հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել:

Հանրապետական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, մինչդեռ, այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ ՀՀԿ-ն վարչապետին առաջարկել է արտահերթ ընտրությունները եկող տարվա մայիսին, ինչը Նիկոլ Փաշինյանը մերժել է: