Թուրքիայում տնային կալանքի պայմաններում գտնվող ամերիկացի ավետարանական սպասավոր Էնդրյու Բրանսոնի փաստաբանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Բրանսոնի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Այդ խնդիրը լուրջ լարվածություն է առաջացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում:
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել և կտրուկ բարձրացրել է ներմուծվող թուրքական արտադրանքի մաքսատուրքը, ինչը հանգեցրել է թուրքական ազգային տարադրամի՝ լիրայի արժեզրկման և տնտեսական ճգնաժամի: Թուրքիան պատասխան պատժամիջոցներ է ընդունել:
Անկարան պնդում է, թե ավետարանական սպասավորն, իբր, կապ ունի քուրդ զինյալների և 2016 թվականի ձախողված հեղաշրջման կազմակերպիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների հետ:
Անկարան հայտնել է, թե կարող է փոխանակել Բրանսոնին ԱՄՆ-ում ապաստանած Գյուլենի հետ: Վաշինգտոնը մերժել է առաջարկը:
Ավետարանական սպասավորը կտրականապես հերքում է քրդերի կամ «գյուլենականների» հետ որևէ կապ ունենալու մեղադրանքը: Մեղավոր ճանաչվելու դեպքում Բրանսոնը կարող է դատապարտվել ընդհուպ մինչև 35 տարվա ազատազրկման:
Վաշինգտոնը հայտարարում է, որ Բրանսոնն անմեղ և ազնիվ քաղաքացի է, ով քաղաքական հետապնդումների զոհ է դարձել:
ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը երեկ ասել է, որ ամերիկյան կառավարությունը Բրանսոնի հարցն ակտիվորեն քննարկում է թուրքական կողմի հետ: