Հայաստանի նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ», - հաղորդում է նախագահի գրասենյակը՝ շարունակելով․ - «Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»:

Միացյալ Նահանգներից Հայաստանի նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որոնց կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Փաշինյանի կոչով մարդկանց մեծ բազմություն հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանրահավաքում ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն պաշտոններից, ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը:

Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո էլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել: