Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ասել են, որ նրա հրաժարականի դեպքում չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ դիմելով Ազգային ժողովի մոտ հավաքված իր աջակիցներին։ Նա նշեց, որ պայմանավորվածությունների մասին գրավոր համաձայնագիր չի կնքվել։ Չնայած դրան, վարչապետը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Փաշինյանը նշեց, որ բանակցությունները երկար են ձգվել և ինքը չի կարող հիշել բոլոր մանրամասները, սակայն ընդհանուր տպավորությունն այն է, որ խորհրդարանական խմբակցությունները ընկալում են ժողովրդի ուղերձը և չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։
«Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք, ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները իրենք նույնպես ասացին, որ կարծում են, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ մեր երկիրը ընդհանուր առմամբ շահած դուրս գա այս ամեն ինչից: Եվ մենք սկսեցինք խոսել, թե որն է դրա տարբերակը: Ես ասացի, որ դրա տարբերակը հետևյալն է՝ մենք, ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Ես ակնկալում եմ, որ որպեսզի Հանրապետական կուսակցությունը և գործող խորհրդարանը ավելի չգրգռի մարդկանց, որովհետև եթե, ասենք, ես հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, և հանկարծ ՀՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը կամ ՀՅ Դաշնակցությունը առաջադրի վարչապետի թեկնածու, <...> այո, տեսականորեն նրանք կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, կարող են նույնիսկ ընտրել ուրիշ որևէ մեկին, բայց նրանք պետք է գիտակցեն, որ դա մարդկանց մոտ, հանրության շրջանում ռեակցիա է առաջացնելու, և պետք է գիտակցեն, որ եթե այդպիսի սցենար լինի, դա խելամիտ սցենար չի լինի, որովհետև, իմ կարծիքով, և ոնց որ թե էսօրվա իրավիճակը դա է ցույց տալիս, դա մարդկանց շրջանում կառաջացնի վատ արձագանք, մեղմ ասած՝ վատ արձագանք: Եվ ես կարծում եմ, որ լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ էսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսինքն՝ մի անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, որից հետո երկրորդ անգամ էլ վարչապետի թեկնածու Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդը էլի չի առաջադրի և երկրորդ անգամ էլ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ»:
«Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները իրենք կարծես թե, ես, գիտե՞ք, կարող է ինչ-որ բաներ ճիշտ չեմ հասկացել, կամ ոչ թե ճիշտ չեմ հասկացել՝ քանի որ ես իրենց անունից չեմ կարող խոսել, հետագայում իրենք՝ վաղը, մյուս օրը, իրենց հարցազրույցներով, մեկնաբանություններով, ինչ-որ տարընթերցում կլինի՝ ձեզ համար թող պարզաբանեն, իմաստը էն էր կարծես թե, որ իրենք ասացին, որ ըստ էության՝ ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը, և նրանք բանավոր ասացին, ըստ էության՝ երեք խմբակցություններն էլ, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու», - հայտարարեց Փաշինյանը:
Նա փոխանցեց, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ որպես արտահերթ ընտրությունների անցկացման «ամենագլխավոր պատճառ» նշել է հետևյալը․ - «Էսօր այ էս իրավիճակը ի՞նչ է՝ էս իրավիճակը վկայում է հետևյալի մասին, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, և էդ քաղաքական ճգնաժամը պետք է օր առաջ, րոպե առաջ հանգուցալուծվի: Եվ հետևաբար՝ էս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա և էդ տարբերակը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ես ասացի, որ մեր ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին»:
«Հաջորդը՝ ասում են, հարց է հնչում՝ իսկ ինչո՞ւ չի կարող այդ ընտրությունները տեղի ւնենալ, օրինակ, մայիսին: Ես դրա համար բերել եմ երկու հիմնական պատճառ: Ասել եմ՝ առաջին պատճառ․ որովհետև երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, և եթե որևէ մեկը ասում է՝ գիտեք ինչ, եկեք էդ ընտրությունները անցկացնենք մայիսին, նշանակում է՝ ասում է՝ երկրում քաղաքական ճգնաժամը եկեք 7-8 ամսով էլ շարունակենք, էլի, ինչի ենք շտապում», - ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց․ - «Երկրորդ պատճառը՝ ես ասացի, օրինակ, հիմա վարչապետի կարգավիճակում արդեն մի ամսից ավել զգում եմ, ամիսուկեսից ավել նույնիսկ, որ երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան: Ով էս ընթացքում մեզ հետ շփվում է, նամակ է գրում, խաբար է ուղարկում՝ մենակ մի հարց է ասում, ասում է՝ արտահերթ ընտրություննե՛ր արեք, շո՛ւտ արեք արտահերթ ընտրություններ: Մարդիկ էսօր ստացվել է նենց, որ ուրիշ ոչ մի բանով չեն ապրում, էսօր որպես վարչապետ ես զգում եմ մարդկանց հստակ պահանջը, ով ինչից խոսում է, ասում է՝ արտահերթը ե՞րբ եք անում, շո՛ւտ արեք էդ արտահերթը, էլ ներվեր չկա, էլ չենք դիմանում, շո՛ւտ արեք»:
Վարչապետը նաև նշեց, որ այս ընթացքում հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ֊ «Նա ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի», ֊ հավելեց Փաշինյանը։
Երեքշաբթի երեկոյան վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ հրավիրված հանրահավաքի: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։
Փաշինյանը Ազգային ժողովի մոտ անցկացրած հանրահավաքից գնացել էր Ազգային ժողով՝ բանակցելու խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։