Այսօր բոյկոտելով ավագանու նիստը՝ նման հայտարարություն արեց Վանաձորում ընդդիմության դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը․ - «Մանդատագողության արդյունքում, էն իրավիճակում, ինչի մեջ որ ձևավորվեց Վանաձորի ավագանին․․․ մենք պարզապես ժամանակ առ ժամանակ հիշեցնում ենք էդ հանգամանքը և ցույց ենք տալիս, որ մենք դրա հետ որևէ կերպ չենք համակերպվել, և չենք կարող թույլ տալ, որ Վանաձորը կառավարվի անարդյունավետ կերպով: Եվ դրա լուծումները փորձում ենք գտնել այս կամ այն քայլերի միջոցով»:
Ուղիղ երկու տարի առաջ «Լուսավոր Հայաստանը» չընդունեց Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու վեց ամիս բոյկոտեց ավագանու նիստերը։ Նրանց բոյկոտին միացան նաև իրենց ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները։ «Լուսավոր Հայաստանը» դիմեց նաև Սահմանադրական դատարան։
Մինչդեռ Վանաձորի կառավարումը ստանձնած մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը չփոխեցին իրենց դիրքորոշումն անգամ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։
«Հեղափոխության օրերին ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարեցին իրենց գլխամասային կուսակցական կենտրոնների մակարդակով, որ միանում են հեղափոխությանը, սատարում են համաժողովրդական շարժմանը և դուրս են գալիս բոլոր հնարավոր պայմանավորվածություններից և կոալիցիաներից: Այդ հայտարարությունները ևս որևէ կերպ չազդեցին Վանաձորի տարածքային կուսակցական իրենց կառույցների վրա, և իրենց անմնացորդ նվիրումը Հանրապետական կուսակցությանը մնաց ուժի մեջ», - ասաց Քրիստ Մարությանը:
Նա դեռևս կասկածներ ունի, թե քվեարկության դեպքում իրենք կստանան նաև մյուս ուժերի, մասնավորապես «Դաշնակցություն» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների ձայները։
«Հայկական վերածնունդի» անդամ Արկադի Փելեշյանն զբաղեցնում է քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ «Լուսավոր Հայաստանը» 33 անդամ ունեցող ավագանու կազմում ունի 10 մանդատ։ Հանրապետական խմբակցությունն ընդամենը 3 մանդատով ավելի ունի։ Քվեարկության դեպքում որոշիչ կլինեն «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների 10 ձայները։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նշեց, որ կուսակցությունների հետ որևէ քննարկում չեն արել և կսպասեն արձագանքների․ - «Հիմա արդեն փորձում ենք նախաձեռնել գործընթացը իրավական շրջանակներում և տեսնենք, թե արդյոք որևէ բան փոխվել է Վանաձորում, կոնկրետ ավագանու մակարդակով, կոնկրետ տվյալ կուսակցությունների տարածքային կառույցների մակարդակում: Եվ եթե այո, ապա մենք կունենանք իրավիճակի փոփոխություն, եթե՝ չէ, ևս կարձանագրենք այն, ինչ որ ունենք»:
Ավագանու մյուս խմբակցություններից փոխանցում են, որ դեռևս չեն քննարկել հարցը:
Իսկ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատությանն» ասաց, որ հանգիստ է վերաբերվում նախաձեռնությանը և կշարունակի աշխատանքը, քանի դեռ օրենքը և ժողովուրդն իրեն թույլ են տալիս․ - «Աշխատում ենք հանուն մեր քաղաքի․․․ Հանրապետությունում իրավիճակը մենք աշխատել ենք Վանաձորում ի շահ վանաձորցու ծառայեցնել ու ծառայեցնելու ենք»: