Լևոն Սարգսյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է եղբորը՝ Լևոն Սարգսյանին, 22-ը մարտի, 2016թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքէջում։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը և վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը կասկածվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ:

Հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)​ քրեական գործ էր հարուցել վերը նշված հոդվածներով: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, «Լյովա Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: Սակայն նա, ինչպես նաև նրա դուստրը, 2017-ի հաշվետու ժամանակաշրջանի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լևոն Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են»:

Լևոն Սարգսյանի և նրա զավակների համար իբրև խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Լևոն Սարգսյանը գտնվում է հետախուզման մեջ։