«Որդիս 25 տարի չափահաս է և իրավունք ունի մասնակցելու երկրում տեղի ունենալիք բոլոր իրադարձություններին՝ թե՛ քաղաքական, թե՛ տարբեր», - այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով որդու՝ Սևակ Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրմանը։
Նշենք, որ Սևակ Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ինքնաառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Հրազդանը քաղաքապետ կընտրի հոկտեմբերի 21-ին։ Երեկ կուսակցությունը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում պաշտպանել Սևակ Միքայելյանի թեկնածությունը։
Սասուն Միքայելյանն այսօր ասաց, որ այդ կերպ կուսակցությունը հնարավորություն է տվել պարզ, արդար ընտրությունների։
«Մարդը կարծիք է հայտնել, մարդը թեկնածություն է դրել, և այսօր առավել շահեկան վիճակ է, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում, այսինքն՝ հնարավորություն է տվել, որ մարդիկ նման ձևի շահարկումներ չանեն, պարզ, արդար ընտրություններ գնա։ Կհաղթի՞ իմ տղան, թող հաղթի, որ իմ տղան է, պետք է ոչ մի բանի չմասնակցի՞։ Էդ երեխան դեռ բարուրի մեջ... պատերազմով, բերդերով իմ հետ ընտանիքն ապրել է, էդ ո՞վ բարոյական իրավունք ունի իրա իրավունքները սահմանափակի», - ասաց Միքայելյանը։
«Ազատության» հարցին, թե կուսակցության ներսում ինչ-որ խնդիրներ կա՞ն, թե՞ իսկապես չեն պաշտպանում, որպեսզի ազատ ընտրություններ լինեն, Միքայելյանը պատասխանեց. - «Կուսակցությունում խնդիր չեմ տեսնում, պարզ ասում եմ՝ ես էլ եմ կողմ եղել, որ կուսակցության կողմից չպաշտպանվի, որպեսզի արդար ընտրություններ գնան»։
Ճշտող հարցին, թե նեղսրտած չէ՞ կուսակցության որոշումից, Միքայելյանը պատասխանեց. - «Ես ամբողջ կյանքս նեղսրտած չեմ եղել, որտեղ էլ եղել եմ՝ թե՛ ֆրոնտում, թե՛ КГБ-ի պադվալում»։