Մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն. Բալայան

Մինչև տարեվերջ ամենայն հավանականությամբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովն, այսօր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողների հարցին ի պատասխան, ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։

Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև երկրորդ հանդիպումն էր։

Նյույորքյան հանդիպումից առաջ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ որպեսզի հանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, պետք է այդ հանդիպումը բովանդակություն ունենա և չլինի ինքնանպատակ: