Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆեյսբուքի իր էջում տեղադրած գրառմամբ ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Նա ամբողջ աշխարհի համար ֆրանսիական և հայկական մշակույթի հոգին էր և ձայնը», - գրել է վարչապետը և հավելել, որ Ազնավուրի համերգները Ռուսաստանում մշտապես տեղի են ունեցել լեփ-լեցուն դահլիճներում:
«Ցավակցություն եմ հայտնում երգչի մտերիմներին և բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում և Ռուսաստանում»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանյան մամուլը հաղորդում է, որ Ազնավուրը նախկին Խորհրդային Միությունում և ներկայիս Ռուսաստանում օտարերկրացի ամենասիրված և հեղինակավոր կատարողներից մեկն էր:
Մամուլը նշում է նաև, որ Շառլ Ազնավուրը միշտ անկեղծ համակրանքով և հարգանքով է խոսել Ռուսաստանի ժողովրդի և մշակույթի մասին: