Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հեռագրում ասված է. - «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։
Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը:
Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների լուծման գործում իր անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։
Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, և նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։