Արտահերթ ընտրությունների հարցում վարչապետը ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել են բանակցային գործընթաց սկսել, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել։

«Սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով։ Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»։

«Ազատության» հարցին, թե այս պահին հանրապետականների համաձայնությունը չի՞ ստացել, Փաշինյանը պատասխանեց. - «Այո՛, այս պահին հանրապետականներն ըստ էության... մեծ հաշվով նրանք հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2020-ին տեղի ունենան, ես կարծում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև ըստ էության քաղաքական պրոցեսների արդյունքում՝ բնականորեն, ամեն ինչ հանգել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը դարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն՝ մինչև էդ հարցը չլուծվի, ուրիշ հարց երկրում չի լուծվելու։ Հիմա եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է՝ ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ, դա սխալ մոտեցում է»։

Մեկ այլ հարցի, թե ինչպես է պատկերացնում այդ համաձայնությունը, վարչապետը պատասխանեց. - «Երկու տարբերակ կա։ Տարբերակներից մեկի մասին բացահայտ ասել եմ, մյուսի մասին չեմ ասել։ տարբերակներից մեկը նա է, որ սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսը նա է, որ մենք համաձայնություն ենք և ստորագրում, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը չեն առաջադրում թեկնածուներ երկու անգամ և տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններ։ Երկու տարբերակներն էլ իրենց առավելություններն ու ռիսկերն ունեն»։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վահրամ Բաղդասարյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով, 1-ը հոկտեմբերի, 2018թ.

Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ 49 հանրապետականի անունից էր բանակցում։

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ չկա ՀՀԿ-ի համաձայնությունը, Բաղդասարյանը պատասխանեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։

Վարչապետը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Փաշինյանը շեշտել էր, թե «վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա»։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը լրագրողների հետ կարող եք դիտել այստեղ

Վահրամ Բաղդասարյանի ճեպազրույցը լրագրողների հետ կարող եք դիտել այստեղ