Արտահերթ ընտրությունների հարցում վարչապետը ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել են բանակցային գործընթաց սկսել, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել։

«Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ երկու-երեք ամսվա ընթացքում», - ասաց վարչապետը։

«Ազատության» հարցին, թե այս պահին հանրապետականների համաձայնությունը չի՞ ստացել, Փաշինյանը պատասխանեց. - «Այո՛, այս պահին հանրապետականներն ըստ էության... մեծ հաշվով նրանք հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2020-ին տեղի ունենան, ես կարծում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև ըստ էության քաղաքական պրոցեսների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը դարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն՝ մինչև էդ հարցը չլուծվի, ուրիշ հարց երկրում չի լուծվելու։ Հիմա եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ, դա սխալ մոտեցում է»։

Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ 49 հանրապետականի անունից էր բանակցում։

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ չկա ՀՀԿ-ի համաձայնությունը, Բաղդասարյանը պատասխանեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։

Վարչապետը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Փաշինյանը շեշտել էր, թե «վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա»։