«Պաշտոնեական դիրքի չարաշահում այդտեղ չի եղել». Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը համոզված է, որ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հարցով ինքը պաշտոնեական դիրքը չի չարաշահել։

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ օգտատերերից մեկը մասնավորապես հետքրքրվեց մարզպետից, թե արդյո՞ք պաշտոնեական դիրքը չի չարաշահել, երբ համայնքապետին ասել է՝ «հրաժարական տուր»։

«Ամենևին, պաշտոնական դիրքի չարաշահում այդտեղ չի եղել։ Ես մինչ իրադարձությունների նման կերպ զարգանալը համայնքի ղեկավարին հրավիրել եմ ինձ մոտ՝ ներկայացնելով, որ ես ունեմ այնպիսի ինֆորմացիա, որ համայնքում իրավիճակը պայթյունավտանգ է և կարող է շատ մեծ լարվածության առիթ լինել։ Առաջարկել եմ որպեսզի լեզու գտնի իր համայնքի բնակիչների հետ, կամ առաջարկել եմ՝ «եթե դու վստահ ես քո ուժերի վրա, կարող ես հրաժարական ներկայացնել, նորից թեկնածություն դնել ընտրություններում և մասնակցել, բոլորին ապացուցել, որ դու համայնքի կողմից սիրված, ընդունված համայնքի ղեկավար ես», - ասաց մարզպետը՝ շարունակելով. - «Իսկ վերջերս նոր հանգամանքներ են ի հայտ եկել. այս բողոքող հատվածը՝ դիմումի տեսքով, դրան կից ստորագրություններով ներկայացրել են ինձ կապված հողերի աճուրդի հետ, համայնքի բնակիչներին տրամադրված օգնությունների ոչ այնքան ճշմարիտ լինելու հետ, և ես՝ ուսումնասիրելով այդ ամենը, փոխանցել եմ իրավապահ մարմիններին, երևի թե առաջիկայում այդ դրվագներով քրեական գործ կհարուցվի»։

Ուրբաթ օրը Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:

Բողոքավորները պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.